Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ոստիկանություն է տեղափոխվել փաստաբան Լևոն Գևորգյանը։
Փաստաբանների պալատի մամուլի քարտուղար Սիլվի Տիգրանյանը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, բայց չնշեց, թե ինչն է եղել ոստիկանություն տեղափոխելու պատճառը։
ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ մարտի 22-ին, ժամը 01.25-ին ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները Հրազդանի կիրճում ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար ուղևորը 40 հզ. դրամ է առաջարկել պարեկային ծառայողներին:
«Ուղևորը կաշառք տալու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել, բերվել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմնին: Կատարվում է նախաքննություն»,- ասացին ոստիկանությունից:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն էլ Radar Armenia-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը քննչական ենթակայությամբ փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։
Հայկ Մագոյան