ԱԺ-ն քննարկել է պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Առաջարկվող փոփոխություններով և լրացումներով հրագործական արտադրատեսակների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը կբերվի լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու և լիցենզիաների տրամադրման ելակետային չափորոշիչներ և պարտադիր պահանջներ սահմանելու համար:
Համաձայն ԵԱՏՄ տեխկանոնակարգերի՝ հրագործական արտադրատեսակները բաժանվում են հինգ խմբի: Առաջին և երկրորդ դասին են պատկանում ավելի թույլ հրագործական արտադրատեսակները: «Կարգավորմամբ մեր տեխկանոնակարգերը համապատասխանեցնում ենք ԵԱՏՄ-ի տեխկանոնակարգերին, և փաստացի արգելվում է երրորդ, չորրորդ, հինգերորդ դասի հրագործական արտադրատեսակների ներմուծումը, կիրառումն ու վաճառքը: Այսինքն՝ եթե հրավառություն է Հայաստանում, ուրեմն դա պետական կամ համայնքնային նշանակության տոն օրերին է՝ պետության կամ համայնքի մասնակցությամբ կարևոր միջոցառումների ժամանակ»,- պարզաբանել է Սիսակ Գաբրիելյանը: Առաջին և երկրորդ դասի հրագործական արտադրատեսակների ներմուծումը և վաճառքը կշարունակի գործել, սակայն որոշակի պահանջներ կներդրվեն դրանց պահեստավորմանը և տեղափոխմանը վերաբերող դրույթներում:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ հետաքրքրվել է. «Երրորդ, չորրորդ, հինգերորդ դասի հրագործական արտադրատեսակների վաճառքն ու ներմուծումն արգելելուց հետո ինչքանո՞վ կազատվենք մարդկանց ծննդյան առիթով գիշերը 12-ին հրավառության աղմուկ-աղաղակից»:
Սիսակ Գաբրիելյանը չի բացառել, որ գուցե ինչ-որ մարդիկ մաքսանենգ ճանապարհով ներկրեն այդ նյութերը և կիրառեն: Նա նաև նշել է, որ օրենսդրական նախաձեռնության ընդունումից հետո կիրառումը 90 և ավելի տոկոսով կնվազի: Օրինագծի հեղինակը տեղեկացրել է, որ տուգանքները բավականին խստացվել են. օրենքը խախտելու դեպքում գործող 50-100 հազար դրամ տուգանքի փոխարեն կվճարեն մինչև 3 մլն դրամ տուգանք:
Ծովինար Վարդանյանը, ներկայացնելով գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը միտված է փարատելու քաղաքացիների մտահոգություններն ու անհանգստությունները կապված գիշերային հրավառությունների հետ: