ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ Պողոսյանի, օրենսդրական նոր կարգավորումների նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ոսկու խտանյութի, նաև համաձուլվածքի հետագա վերամշակման, այդ թվում՝ զտարկման համար նպաստավոր հարկային միջավայր ձևավորելը:
Փոխնախարարը նշել է, որ ոսկու խտանյութի, նաև համաձուլվածի (դոռե) օտարումն ազատված է ԱԱՀ-ից: Այսինքն՝ այդ գործարքի նկատմամբ կիրառելի են Հարկային օրենսգրքի կարգավորումները. ազատված գործարքին վերագրվող ԱԱՀ-ի դեբետային գումարները (գործարքին վերագրվող ձեռքբերումների գներում ներառված գումարները)՝ որպես մատակարարներին վճարված ԱԱՀ գումարներ, հաշվանցման ենթակա չեն և պետք է սահմանված կարգով միացվեն այդ ապրանքների ինքնարժեքին: Մյուս կողմից՝ գործող օրենսդրությամբ այդ խտանյութը կամ համաձուլվածքը՝ դոռեն, Հայաստանից արտահանելու հնարավորություն կա:
Փոխնախարարը ներկայացրել է ստեղծված իրավիճակը և նշել. «Ընդհանուր սահմանված կանոնի ներքո հետ ստանալ արժեշղթայի նախորդ օղակում վճարված ԱԱՀ-ն, ոսկու զտարկումը կազմակերպել արտերկրում, այնուհետ զտարկված ոսկին ներմուծել ՀՀ, որը տվյալ դեպքում ԱԱՀ-ով հարկման ենթակա չէե: Արման Պողոսյանի խոսքով առկա է անհավասար միջավայր երկու մոդելների միջև. համաձուլվածքի զտարկումն արտերկրում կազմակերպելը տնտեսապես ավելի ձեռնտու է:
«Դոռեի օտարումը շարունակվում է համարվել ԱԱՀ-ից ազատված գործարք, բայց հնարավորություն է տրվում դրա ստացման նախորդ օղակներում վճարված ԱԱՀ-ն հաշվանցել և ըստ այդմ՝ հարկային միջավայրը համապատասխանաբար հավասարեցնել այն նույն վիճակին, որն ունեն տնտեսվարողները, եթե ընտրել են դոռեն արտահանելու, արտերկում զտարկում կազմակերպելու և պատրաստի ոսկին ներմուծելու ճանապարհը»,- ընդգծել է փոխնախարարը` նոր կարգավորումը ներկայացնելով: Նա պարզաբանել է նաև, որ ոսկյա զարդերը կհարկվեն ԱԱՀ-ով:
Պատգամավոր Գևորգ Պապոյանի՝ գործարար միջավայրը պատրա՞ստ է մշակման և վերամշակման գործընթացների կազմակերպմանը հարցին ի պատասխան՝ Նարեկ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ գլխադասային հանձնաժողովի անդամները եղել են Երևանի ոսկերչական գործարանում, ծանոթացել ժամանակակից տեխնիկային և համոզվել, որ գործարանը պատրաստ է ամբողջ շղթան կազմակերպելու:
Փոխնախարար Արման Պողոսյանը ևս հավաստիացրել է, որ հարցն ուսումնասիրվել է, և կան որակի ու ծավալի բավարար կարողություններ դոռեի կամ ոսկու համաձուլվածքի զտարկման գործընթացն անխափան կազմակերպելու համար: