Հասարակություն

Նախատեսվում է կրճատել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ ընդունվող դիմումների քանակը

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արևիկ Աղոյանն ԱԺ-ում ներկայացրել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Ըստ նրա՝ բարեփոխումներով առաջարկվում էփոփոխություններ կատարել մի շարք ոլորտներում, որոնց արդյունքում թվայնացում և թվային վերափոխում կիրականացվի: Մասնավորապես, նախատեսվում է համապատասխան իրավակարգավորումներով համապատասխան  պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, նոտարների կողմից ներկայացվող և վավերացվող, հաստատվող իրավահաստատող փաստաթղթերը Կադաստրի կոմիտե ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով:

Օրինակ՝ եթե նոտարը վավերացնում է առքուվաճառքի պայմանագիրը, այդ դեպքում պայմանագիրն էլեկտրոնային եղանակով ներկայացվելու է Կադաստրի կոմիտե, այսինքն՝ այս դեպքում քաղաքացին ինքը չի ներկայացնելու տվյալ պայմանագիրը կոմիտեի գրասենյակ: Նախատեսվում է նաև էականորեն կրճատել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ ընդունվող դիմումների քանակը՝ դրանց մի մասը դարձնելով թվային: Այսինքն՝ որոշակի դիմումներ, որոնք խիստ նույնականացում չեն պահանջում, մատուցվելու են էլեկտրոնային եղանակով՝ https://www.e-cadastre.am/ կայքի միջոցով։

Առաջարկվում է վերացնել 50 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող անհատական բնակելի տների, դրանց օժանդակ և տնտեսական շինությունների կարգավիճակի անհստակությունը: Նախատեսվում են նաև այլ փոփոխություններ:

Նախաձեռնության վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր: