Հասարակություն

Բժշկական կազմակերպությունները կլիցենզավորվեն ամեն 5 տարին մեկ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ-ն քննարկում է «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ օրենսդրական այս փոփոխությունը միտված է բժշկական օգնության որակի բարելավմանը. «Բժշկական կազմակերպությունների լիցենզավորումը կիրականացվի պարբերական բնույթով՝ ամեն 5 տարին մեկ։ Կազմակերպությունը պետք է հավաստի, որ համապատասխանում է տվյալ պահին առկա լիցենզավորման մասին բոլոր պահանջներին։ Բացի օրենքում փոփոխությունների ընդունումից, նախաձեռնված են լայնածավալ փոփոխություններ նաև լիցենզավորման կարգերում նախատեսված կանոնների և պայմանների մասով, և մենք առաջիկայում ավելի ու ավելի բարձրացնելու ենք ստանդարտները ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ սարքավորումների, մասնագիտական հագեցվածության և որոշակի ծառայությունների համախմբման մասով»։

Ավանեսյանը շեշտեց, որ օրենքում նախատեսված են բավական ընդարձակ անցումային դրույթներ. «Մենք պատկերացնում ենք, որ ՀՀ-ում գործող բժշկական կազմակերպությունների լիցենզավորման պրոցեսը բավական աշխատատար և ժամանակատար է, և որպեսզի ամբողջ գործընթացը սահուն կազմակերպվի, մենք նախատեսել ենք ավելի ռիսկայնություն պարունակող ուղղություների առաջնահերթություն, և դրանցով պայմանավորված՝ սկսելու ենք Երևանից»։