Հասարակություն

Ինչո՞ւ են բժշկական կենտրոնները լիցենզավորվելու 5 տարին մեկ անգամ

«Բժշկագիտությունը բավական ինստենսիվ զարգացող ոլորտ է, և այստեղ թե մեթոդները, թե կրթության ու որակավորման, թե ենթակառուցվածքների և սարքավորումների նկատմամբ պահանջներն անընդհատ փոփոխվում են». հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունները։

Նրա խոսքով՝ հարկավոր է մշտապես բարձրացնել ստանդարտների նշաձողը՝ համապատասխանեցնելու և պետական, և մասնավոր սեկտորի բոլոր բժշկական կազմակերպությունների պատրաստվածությունը. «Երբ մենք մեկանգամյա լիցենզավորում ենք շնորհում, դրանից հետո թարմացումներն անընդհատ ապահովելը խոչընդոտվում է և հնարավոր չի դառնում»։

Ավանեսյանը նշեց, որ այս հարցում ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը. «Ընդհանրապես, բժշկական կենտրոնների լիցենզավորման ժամկետն այլ երկրներում շատ ավելի կարճ են՝ երեք տարի է: Երեք տարին մեկ անգամ պետք է հավաստեն, որ համապատասխանում են տվյալ պահին գործող պահանջներին։ Սա ուզում եմ ընդգծել, երբ քննարկում ենք ապահովագրական համակարգի ներդրումը, մշտապես խոսվում է մեր համակարգի որակական չափորոշիչների մասին։ Եվ այս բոլոր ինտեգրալ հատվածները, որ փոփոխություն ենք անում, ուղղված են ապահովելու բժշկական օգնության պատշաճ որակ՝ թարմացված սարքավորումներով, պատշաճ ենթակառուցվածքներով ու մասնագետներով»։