Հասարակություն

Գրադարանների կառավարումը մասնավոր կազմակերպություններին կպատվիրակվի

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է հայաստանյան հրատարակչությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Հանդիպմանը հրավիրված էին նաև նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի ազգային գրադարանի և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրենները:

Քննարկման առանցքում համայնքային գրադարանների վերափոխման և զարգացման, դրանց կառավարումը մասնավոր կազմակերպություններին պատվիրակելու և կառավարման նոր մոդելի մշակման հնարավորությունների ու նպատակահարմարության հարցերն էին :

«Հրատարակչական գործունեությամբ Դուք խթանում եք ընթերցանության զարգացումը, որը շատ կարևոր է։ Բացի բուն հրատարակչական գործունեությունից՝ իրականացնում եք բազմաթիվ այլ ծրագրեր և նախաձեռնություններ: Խնդիրները բազմաթիվ են, և մենք քաջատեղյակ լինելով առկա մարտահրավերներին՝ առաջարկում ենք համատեղ մտածել ենթակառուցվածքների կառավարման մոդելի շուրջ. ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի համայնքային գրադարանները դառնան արդի միջավայրեր, հրատարակչական գործունեություն ծավալող կազմակերպությունները կկարողանա՞ն այն վերափոխել նոր հարթակի՝ ընթերցանության, գրքերի քննարկումների, կրթամշակութային ծրագրերի, միջոցառումների իրականացման, երիտասարդների ժամանցի կազմակերպման համար՝ դիտարկելով նաև տարածքում գրավաճառ հատվածի առկայությունը: Մեր առաջարկն է՝ համատեղ մշակել կառավարման այնպիսի մոդել, որը կխթանի գրահրատարակչություն-գրադարաններ-կրթամշակութային կյանքի ակտիվացումը՝ դիտարկելով նաև պետություն-մասնավոր գործընկերության սկզբունքի կիրառումը»,- դիմելով ներկաներին՝ նշել է Ժաննա Անդրեասյանը։