Քննարկվել է Հայաստանում սոցիալական բնակարանաշինության քաղաքականության հայեցակարգը
Հասարակություն
18 Մարտի, 19:44
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասսեթ Մենեջմենթ/Հայաստան» ընկերության կառավարման խորհրդի անդամ, վարչության նախագահի տեղակալ Անդրեաս Վիմմերի և «Վիեներ Վոհեն» Վիեննայի մունիցիպալ գույքի կառավարման կազմակերպության միջազգային հարաբերությունների գծող ղեկավար Քրիստիան Շանթլի հետ։ Հանդիպումը կայացել է «Ցե-Կվադրատ» ընկերության՝ Ավստրիայի մայրաքաղաքում տեղակայված գլխամասային գրասենյակում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանաշինության մշակվելիք քաղաքականության հայեցակարգը, սոցիալական բնակարանաշինության ոլորտում պետություն-մասնավոր գործակցության հնարավորությունները։ Գործընկերների կողմից ներկայացվել է վիեննական բազմամյա փորձը՝ սոցիալական բնակապահովման մեջ, ինչպես նաև քննարկվել են կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների ներդրումային մասնակցության հնարավորություններն ու ձևաչափը։
Հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է սոցիալական բնակարանաշինության ոլորտում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջիկայում մշակվելիք ռազմավարության առանցքային ուղղությունները, մասնավորապես՝ սոցիալական առանձին խմբերի համար բնակարանային մատչելիության և հասանելիության համաչափ ծրագրերի ձևերն ու սուբսիդավորման հնարավոր մեխանիզմները։
Վիեննա քաղաքի սոցիալական բնակարանաշինության և սուբսիդավորման քաղաքականությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել հայկական կողմի համար, ինչի առնչությամբ «Ցե-Կվադրատ» ընկերության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել կիսվել իրենց լավագույն փորձով՝ ծրագրում գործուն մասնակցություն ապահովելու, այդ թվում՝ փոխայցելություններ կազմակերպելու միջոցով։