Հասարակություն

«Հարկավոր է պահպանել անմեղության կանխավարկածը». Ավանեսյան

«Եթե նախաքննությունը հարմար գտնի հարցաքննել, դա վերաբերում է ոչ միայն ինձ, այլ որևէ անձի, ապա կհրավիրի ու կհարցաքննի։ Կարծում եմ՝ հարցաքննությունը հարցազրույց չէ, որ պատրաստ լինեմ կամ չլինեմ։ Անհրաժեշտության դեպքում միանշանակ կներկայանամ»,- հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով քովիդի համավարակի ընթացքում տեղի ունեցած ենթադրյալ չարաշահումների գործին։ Նա նշել է, որ հարկավոր է պահպանել անմեղության կանխավարկածն ու խոսել փաստագրված հանգամանքի մասին, երբ կլինի վերջին ատյանի դատական ակտը։

Անդրադառնալով այդ գործով նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանի, «Մեդլայն» բուժկենտրոնի տնօրենի ու փոխտնօրենի կալանավորված լինելուն, Ավանեսյանը նշեց, որ իր կարծիքով պաշտպանները կդիմեն վերաքննության, որպեսզի այլ խափանման միջոցներ ընտրվեն. «Կարծում եմ, որ նրանցից որևէ մեկը քննությանը խոչընդոտելու կամ խուսափելու մղում չունի»։

Ավանեսյանն անդրադարձել է նաև հաշվեքննիչ պալատի ուսումնասիրություններին, որոնք էլ քրեական գործ հարուցելու հիմք էին հանդիսացել. «Երբ հաշվեքննիչ պալատը ներկայացրել էր բազմածավալ իր դիտարկումները, ես մանրակրկիտ անդրադարձա առաջ քաշած բոլոր հարցերին։ Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ պալատի զեկույցի հիման վրա պետք է հաջորդ էտապներ լինեն՝ հասկանալու, թե նման փաստեր տեղի ունեցել են, թե ոչ»։

Նախարարը նաև խոսել է կորոնավիրուսի համավարակի ընթացքում բժշկական կենտրոնների ֆինանսավորման մասին. «Քովիդի ողջ ընթացքում ֆինանսական հատկացումներ եղել են քովիդ սպասարկող բոլոր բժշկական կենտրոններին, 2021թ. ևս շարունակվում էր քովիդի համավարակը։ Այդ ընթացքում էլ «Մեդլայն»-ն ընդգրկված եղել է»։

Հարցին՝ մտահոգվա՞ծ եք, որ քրեական գործը կհասնի նախարարներին, Ավանեսյանն ասել է. «Ամենևին»։