Հասարակություն

1565 ուսուցչի աշխատավարձը կրկնապատկվել է

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ հնարավորություն է ընձեռվում այս պահին դպրոցում չաշխատող, բայց ուսուցչի որակավորման պահանջներին բավարարող մարդկանց մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին։ Ըստ նրա՝ այս մեխանիզմը հնարավորություն կտա խթանելու նոր և որակյալ կադրերի մուտքը դպրոց։ 

Անդրեասյանը նաև շեշտել է, որ այս պահի դրությամբ ունենք արդեն 1565 ուսուցիչ, որոնց աշխատավարձը կրկնապատկվել է. «Եթե միջին դրույքաչափը 125 հազար է, ապա միջին եկամուտը միայն կամավոր ատեստավորման արդյունքում կազմում է 250 հազար դրամ և ավելի, իսկ առավելագույնը ունենք 450 հազար դրամ վարձատրություն ստացող ուսուցիչներ: Ընդ որում՝ պետք է նշեմ, որ ուսուցիչների շուրջ 28 տոկոսը ստանում է 300 հազար դրամ և ավելի վարձատրություն, և ունենք շուրջ 150 ուսուցիչ, որոնք ստանում են 350 հազարից 450 հազար դրամ վարձատրություն: Սրան գումարվում են նաև այլ հավելավճարները, ինչպես տարակարգի մեխանիզմի դեպքում: Ունենք տարակարգ ունեցող շուրջ 300 ուսուցիչ, որոնց համար հավելավճարի համակարգ է գործում»: