Հասարակություն

«Ինձ և գործող նախարարին հարցեր տալու դեպքում մեղադրանքն ընդհանրապես առ ոչինչ կդառնա». Թորոսյան

ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հերքել է տեղեկությունները, թե գլխավոր դատախազությունը պատրաստվում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով դիմել ԱԺ․ «Հերքում եմ ամբողջովին։ Ես երբևէ որևէ պատճառ չեմ տեսնում նման միջնորդության համար»,- ասել է Թորոսյանը՝ հերքելով նաև պատգամավորական մանդատը վայր դնելու լուրերը։

Հակակոռուպցիոն կոմիտեում կորոնավիրուսի համավարակի օրերին ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ հարուցված գործն, ըստ Թորոսյանի, իր հետ կապ չունի. «Ես իմ երկու հաղորդագրությունների մեջ հստակ, կետերով նշել եմ պրոբլեմները և հույս ունեմ, որ մարմինները, որոնք այդ պրոբլեմներով զբաղվում են, նաև իրենց ներքին ընթացակարգերով կպարզեն, թե ինչու է այդ ամենը տեղի ունեցել, և, ի վերջո, արդարադատությունը կհաղթի։ Ես նորից եմ ուզում կրկնել՝ մեղադրանքները, որ այդ տեքստում գրված էին, որևէ կերպ չէին կարող առնչվել դուրս գրման տրիաժ խմբերի ղեկավարին և որևէ փոխնախարարի, որովհետև նրանք նման վերահսկողական գործառույթ չեն ունեցել և չէին կարող ունենալ՝ բացառությամբ այն դեպքերի, եթե հատուկ կազմակերպված հանցավոր խումբ չի աշխատել, ինչի վերաբերյալ ապացույցների մասին այս պահին ես չգիտեմ»։

Ըստ Թորոսյանի՝ բոլոր հարցերը պետք է պատասխան ստանան, այլապես կստացվի՝ ցանկացած պաշտոնյայի ինչ-որ բան չանելու համար կարելի է դատել՝ անկախ նրանից, թե այդ ինչ-որ բանը նա պետք է աներ, թե ոչ։

Թորոսյանն այսօր էլ նշեց, որ իրեն այդ գործով հարցաքննության չեն կանչել. «Ինձ և գործող նախարարին հարցեր տալու դեպքում այս մեղադրանքն ընդհանրապես առ ոչինչ կդառնա, չնայած՝ արդեն առ ոչինչ է։ Ամենաառաջին օրվանից պատրաստ եմ եղել հարցաքննության, հենց հիմա էլ պատրաստ եմ, նույնիսկ հրապարակումից հետո էլ էլի չեն կանչել»։