ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում ներկայացրել է կառավարության ծրագրի՝ 2022թ. առողջապահական ոլորտի հաշվետվությունը։ Նախարարի խոսքով՝ 2022թ. շարունակել ենք առերեսվել համավարակի և պատերազմի հետևանքներին. «Ինտենսիվ աշխատանքներ ենք տարել՝ պատշաճ կազմակերպելու բուժօգնությունը. 2022թ. սեպտեմբերի ագրեսիայի հետևանքով մեր համակարգն ամբողջ ուժով լծվեց ապահովելու մեր զինծառայողների առողջության պահպանմանն ու վերականգնմանը»։
Ավանեսյանը նշեց, թե 2022թ առանձնանում է հեռանկարային ծրագրերի վրա աշխատելու ուղղությամբ. «Մի կողմից պետք էր ամեն ինչ անել՝ կրիզիսային իրավիճակներում ճիշտ կազմակերպելու աշխատանքները, մյուս կողմից՝ պետք է իրականացնեինք կառավարության ծրագրով նախատեսված ռազմավարական աշխատանքները»։
Նախարարը ներկայացրեց թվային տվյալներ. «2022 թվականին պետական պատվերի շրջանակներում փոխհատուցված՝ հիվանդանոցային և դժվարամատչելի հետազոտությունների, բժշկական օգնության ու սպասարկման դեպքերի թիվը կազմել է 786․864։ 2018 թվականի համեմատ՝ սպասարկված դեպքերի թիվն աճել է 287․925-ով կամ 125%-ով։ Սա կարևոր է և ցույց է տալիս կառավարության հանձնառությունը՝ տարեցտարի ավելացնելու առողջապահությանը հատկացվող միջոցները։ Իհարկե, դրանք դեռ բավարար չեն, դեռ շատ ճանապարհ ունենք՝ բավարարելու առողջապահական կարիքները, բայց տենդենցը հստակ նկատելի է»։