Հասարակություն

Խստացվում է բուժհաստատությունների և դեղատների լիցենզավորման կարգը

Բժշկական կենտրոններն ու դեղատները կլիցենզավորվեն հինգ տարի ժամկետով. առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրել է «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ հավելելով, որ նախկինում բուժմիավորումներն ու դեղատները լիցենզավորվել են անժամկետ։

Ավանեսյանի խոսքով՝ նախաձեռնությունը նպատակ ունի մշտապես զարգացող բժշկագիտության տենդենցներին ու ժամանակագրությանը համահունչ լինել։ Ըստ նրա՝ անժամկետ լիցենզիա ստանալը խնդիրներ է ստեղծում. «Ժամանակին լիցենզիա ստացած բժշկական կենտրոնը մնում է այդ թվականին սահմանած կանոնների շրջանակներում, և շատ դժվար է ապահովել այդ անընդհատ զարգացումը, պայմանների լավացումն ու խստացումը»։ Ըստ նրա՝ նախարարությունը գնում է բժշկական կազմակերպությունների լիցենզավորման պայմանների խստացման ճանապարհով, որպեսզի հնարավոր լինի ապահովել պատշաճ բուժսպասարկում. «Երկար ու մանրամասն անցումային դրույթ ենք սահմանել, որ անցնցում և սահուն կազմակերպենք այս ողջ գործընթացը»։

Ըստ Ավանեսյանի՝ ՀՀ-ում գործում է հազարից ավելի դեղատուն, և մոտ 900 բուժկենտրոն։