«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի՝ Աշտարակ-Թալին ճանապարհի վերակառուցման տեխնիկական հսկողության և ինժեների գործառույթներն իրականացնող «Էջիս Ինթերնեյշնլ» և «Կոքս Կոնսալթ» համատեղ ձեռնարկության ծրագրի ղեկավար Ռիչարդ Թադանիի հետ։
Նշենք, որ Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ նոր ճանապարհի կառուցման նպատակով պայմանագիր է կնքվել մրցույթում հաղթող ճանաչված կապալառուի հետ, որն շինհրապարակի կազմակերպման և նախաշինարարական աշխատանքներ է իրականացնում։
Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, ողջունելով Ռիչարդ Թադանիին, նշել է, որ Տրանշ-2 ծրագրի շրջանակներում հերթական արդյունավետ
համագործակցությունն է ակնկալում «Էջիս Ինթերնեյշնլ» և «Կոքս Կոնսալթ» ՀՁ-ի հետ՝ հայտնելով, որ այդ գործակցությունը կոչված է կարևորագույն նշանակություն ունեցող ենթակառուցվածքի շինարարությանը: «Անձամբ ես և Ճանապարհային դեպարտամենտի թիմը պատրաստակամություն ենք հայտնում համագործակցաբար աշխատելու, բոլոր հարցերը միասին լուծելու, որպեսզի նախանշված աշխատանքները կատարվեն ժամանակին և որակով»,- նշել է պարոն Ավետիսյանը։ Նա նաև շեշտել է Հյուսիս-հարավ ճանապարհի կարևոր նշանակությունը Հայաստանի համար։
Ռիչարդ Թադանիի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մինչ այժմ շինարարի և ինժեների հետ տարված աշխատանքներին, քննարկվել են մի շարք հարցեր, որոնք առնչվում էին ինժեների թիմին, աշխատանքային ծրագրին, նշված հատվածում հողերի օտարմանը և այլն։ Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչներն ընդգծել են, որ շինարարությունը հնարավորինս շուտ պետք է մեկնարկի, և՜ շինարարը, և՜ ինժեները պետք է խստագույնս հետևեն աշխատանքների ժամանակացույցին՝ կատարելով պայմանագրային պարտավորությունները։