Հասարակություն

«Երախտիք ուսուցչին». մեծարման համերգ-հանդիպում Մ. Եկմալյանի անվան երաժշտական դպրոցում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Նիցշեն ասում էր՝ «Աստված մեզ երաժշտություն է տվել, որպեսզի դրանով ձգտենք դեպի վեր»։ Եվ հենց դեպի վեր ձգտումն էլ երեկ մեկտեղել էր Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի ներկա ու նախկին ուսուցիչներին և աշխատակիցներին։ Դպրոցի մուտքից արդեն տոնական տրամադրություն էր, եռուզեռ։ Դպրոցի տնօրեն Գևորգ Մաղաքյանի գլխավորությամբ երաժշտական դպրոցի ուսուցչական կազմը նախաձեռնել էր «Երախտիք ուսուցչին» վերտառությամբ համերգ-ցերեկույթ՝ նվիրված երաժշտական դպրոցի նախկին աշխատակիցներին ու ուսուցիչներին։

Դահլիճի առաջին շարքում վաստակած հանգստի անցած մանկավարժներն ու աշխատակիցներն են։ Նրանք իրենց կյանքի հիմնական մասը նվիրել են իրենց սաներին, որոնցից շատերը բարձունքների են հասել՝ նվաճելով մեծ բեմեր։ Օրվա հերոսների խորշոմած աչքերում հպարտություն ու կարոտ կա, որ բառերով մեկնելի չէ։

Երաժշտական կրթօջախի տնօրեն Գևորգ Մաղաքյանը, ով նույն երաժշտական դպրոցի շրջանավարտներից է, Radar Armenia-ի հետ զրույցում ասաց, որ այս համերգ-ցերեկույթը շատ լավ առիթ էր, որպեսզի հին և նոր աշխատակիցները, վաստակաշատ մանկավարժները հանդիպեն ու հիշեն բարի ժամանակները։ «Մենք ոգեշնչվում ենք մեր նախկին ուսուցիչներով, ովքեր այսօր էլ սրտացավորեն հետաքրքրվում են դպրոցով, ուրախանում մեր գրանցած հաջողություններով։ Եվ նրանց անցած ճանապարհը մեզ ավելի է ոգևորում, որ ավելին անենք։ Մենք պարտավոր ենք միշտ հիշել և ուշադրության կենտրոնում պահել նրանց», -նշեց Մաղաքյանը։

Երաժշտական դպրոցի երկարամյա մանկավարժներից է Հռիփսիմե Նիկոլաևնան, ով կես դար՝ ուղիղ հիսուն տարի, աշխատել է Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում։ Չափազանց հուզված է, բայց ինչպես ինքն է հավաստիացնում, դրանք երջանկության ու հպարտության արցունքներ են․ «Ինձ համար մեծ հպարտություն ու երջանկություն է, որ հենց իմ սանն է այսօր ղեկավարում երաժշտական դպրոցը, ու նաև շատ երջանիկ եմ, որ մի քանի սերունդ եմ ճանապարհել մեծ կյանք։ Այսօրվա պես հիշում եմ, երբ առաջին անգամ՝ 1969 թվին, եկա դպրոց ու մնացի։ Վերջին 23 տարին էլ ղեկավարեցի դաշնամուրային բաժինը։ Իսկապես անակնկալ էր, որ ինձ հրավիրեցին այս միջոցառմանը։ Մեզ համար սա հպարտություն է, որ այսպիսի երիտասարդներ կան, որ գնահատում են մեր տարիների վաստակն ու ներդրած ջանքը։ Եթե երիտասարդը չգնահատի իր ուսուցչին, ապագա չի լինի», - պատմում է Հռիփսիմե Նիկոլաևնան, բայց առանց արցունքների չի կարողանում նկարագրել զգացողությունները, երբ ստացել է միջոցառմանը մասնակցելու հրավերը. «Իսկապես ես երջանիկ մարդ եմ, որ այսօր արդեն իմ սաներն են դասավանդում այս դպրոցում»։

Միջոցառումը, որին ներկա էին համայնքային իշխանության ներկայացուցիչներ ու բազմաթիվ հյուրեր, մեկնարկեց Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանի օրհնանքի խոսքով։ Այնուհետև, միջոցառման ողջ ընթացքում ելույթներ ունեցան երաժշտական դպրոցի ուսուցիչներն ու նախկին շրջանավարտները՝ կատարելով ինչպես հայտնի կոմպոզիտորների հին ու սիրված, այնպես էլ բոլորովին նոր ստեղծագործություններ։ Միջոցառման համերգային հատվածը եզրափակեց դպրոցի տնօրեն Գևորգ Մաղաքյանը, որը նաև Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ է, կատարելով Կոնստանտին Պետրոսյանի «Հայաստան աշխարհ» ստեղծագործությունը՝ երաժշտական դպրոցի երգչախմբի ոգեղեն ձայնակցությամբ։

Այնուհետ համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Պետրոսյանը երախտիքի խոսք ասաց բոլոր ժամանակների ուսուցիչներին և համայնքապետարանի կողմից շնորհակալագրեր ու ծաղկեփնջեր հանձնեց վաստակաշատ ուսուցիչներին։ 

Միջոցառման ավարտից հետո դպրոցի փոխտնօրեն Սոնա Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառման հիմնական ուղերձն ու նպատակն այն էր, որ հետագա սերունդներն էլ շնորհակալ լինեն և այսօրվա օրինակն ունենալով՝ իրենք էլ իրենց երախտիքի խոսքը հղեն ուսուցիչներին։

Հայկ Մագոյան