Երեկ «Առավոտ»-ի առցանց պարբերականի գլխավոր խմբագիր Աննա Իսրայելյանը հայտարարել էր, որ կոտրել են Aravot.am-ի յութուբյան ալիքը և ջնջել բոլոր տեսանյութերը։
Radar Armenia-ի հետ զրույցում Իսրայելյանն ասաց, որ երեկ կայքի տելեգրամյան ալիքում և ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր անոնս՝ «Մեր օրեր-#Հարստացածհեղափոխականները. ինչպես և որքան հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում: Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները»։ Այն պետք է հրապարակվեր երեկ՝ ժամը 20։00-ին, բայց չեն հասցրել հրապարակել և հայտարարել են, որ կհրապարակվի այսօր՝ ժամը 21։00-ին։ Նրա խոսքով՝ դրանից հետո արդեն՝ ժամը 19։46-ից, կորցրել են իրենց յութուբյան ալիքի հասանելիությունը։
Աննա Իսրայելյանն ասաց, թե չի կարող որևէ մեկին մեղադրել, քանի որ դա պետք է ապացուցվի, բայց չի կարող չհամադրել նաև փաստերը. «Կցանկանայի բացառել որևէ քաղաքական միջամտություն։ Կուզենայի ասել, որ այն հաքերային հարձակման հետևանք է, բայց ես հիշում եմ, որ լրատվամիջոցների գործունեությանը միջամտող նման դեպքեր էլի են եղել։
Նախ դիմել ենք Google-ին, որպեսզի փորձենք արագ վերականգնել ալիքը։ Սպասում ենք պատասխանին։ Սա առաջին դեպքը չէ։ Ես չեմ տեսել, որ կիբերհանցագործությունները մեր երկրում բացահայտվեն։ Մեր հայտարարությունը բավարար հիմք է իրավապահների համար․ եթե ուզեն արձագանքել, կարձագանքեն»,- ասաց Աննա Իսրայելյանը՝ նշելով, որ խոսել են տեղեկատվական անվտանգության փորձագետների հետ, որոնք կարծում են, որ յութուբյան ալիքի առևանգումը հնարավոր է դարձել խմբագրության վարակված համակարգչի միջոցով։
«Այդ պատճառով է, որ նրանց հաջողվել է շրջանցել անվտանգության բոլոր համակարգերը»,֊ պատմեց Աննա Իսրայելյանը։
Հայկ Մագոյան