Հասարակություն

Մեկնարկել են Աթան տանող 27.5 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մեկնարկել են Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ27+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել և գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում։  

Կապալառու կազմակերպության հետ կնքված պայմանագրի շրջանակում ճանապարհատվածում իրականացվում են հանույթի և լիցքի հողային աշխատանքներ։ Տրանսպորտային միջոցների ժամանակավոր անցանելիությունն ապահովելու նպատակով կատարվում է ճանապարհահատվածի երթևեկային մասի բնահողային պատվածքի պրոֆիլավորում։ 27.5կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհին շինաշխատանքներն այս պահին հիմնականում կատարվում են Աթան և Լորուտ բնակավայրերի մոտ։   

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Շեկոյանը և ինժեներ Վարդան Կարապետյանն այցելել էին շինհրապարակ՝ դիտարկելու կապալառուի կողմից շինհրապարակում կատարված մոբիլիզացիան, աշխատանքների ընթացքը։    Այցելության ընթացքում պատվիրատուի, կապալառուի, տեխնիկական հսկողության ներկայացուցիչների, համայնքի և վարչական ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են շինարարությանը, գյուղամիջյան հատվածներում աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։ 

Նշենք, որ ընթանում է նաև Քարինջ բնակավայր տանող 3.5կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը։ Այստեղ հողային աշխատանքներն ավարտական փուլում են։ Հողային աշխատանքների ավարտից հետո կսկսվի ջրահեռացման համակարգի վերականգնումը։