Հասարակություն

Բուսական յուղի գների տատանումները հիմնականում համահունչ են եղել համաշխարհային գների տատանումներին. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է բուսական յուղի շուկան: Ուսումնասիրությունն իրականացվել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ՝ նպատակ ունենալով ներգրավել նաև գիտական ներուժը։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ուսումնասիրության շրջանակում օգնել է իրականացնել հնարավոր կանխատեսումներ և գնահատել միջազգային և տեղական շուկաների ապագա տենդենցները։ Հանձնաժողովը գնահատել է իրացման բոլոր շղթաներում տնտեսավարողների վարքագիծը և վեր հանել շուկայում առկա մրցակցային խնդիրները։

Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝
- Վերջին տասը տարիների ընթացքում բուսական յուղի համաշխարհային պահանջարկը ավելացել է  շուրջ  40 %-ով։ Կտրուկ աճ է գրանցել որպես բիովառելիք բուսական յուղի օգտագործումը՝ միջին տարեկան աճը կազմել է 21.4 %։
- Բուսական յուղի արտադրությամբ զբաղվող առաջատար խոշոր երկրներն են Ինդոնեզիան, Չինաստանը և Մալայզիան, որոնք 2021 թ.-ին միասին ապահովել են բուսական յուղի համաշխարհային արտադրության շուրջ 47.4 %-ը: Խոշոր արտադրողներ են հանդիսանում նաև ԱՄՆ-ն, Ուկրաինան և Ռուսաստանի Դաշնությունը։
-ՀՀ-ում բուսական յուղն ամբողջությամբ ներմուծվում է և օգտագործվում սննդային նպատակով։  2021 թվականին արևածաղկի և եգիպտացորենի բուսական յուղերի ընդհանուր ներմուծումն իրականացվել է շուրջ 100 տնտեսավարողի  կողմից՝ կազմելով շուրջ 25,5 հազար տոննա, ներմուծումների 98 %-ն իրականացվել է ՌԴ-ից։ 
- Իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող առաջատար 3 տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինները շուկայում գրեթե հավասար են եղել: Նրանց մասնաբաժինների հանրագումարը 2020թ․-ին կազմել է 64,1%, իսկ 2021 թվականին՝ 64,6%:
- 2020-2021 թվականներին ՀՀ-ում բուսական յուղի իրացման գների տատանումները հիմնականում համահունչ են եղել համաշխարհային գների տատանումներին։
- Սուպերմարկետների կողմից կիրառվող գնային քաղաքականության շրջանակներում նշմարվել են որոշակի ուղղություններ, որոնք կարող են մրցակցային խնդիրներ առաջացնել, ինչից ելնելով Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ՝ հնարավոր խնդիրներն առավել ամբողջական ուսումնասիրելու և բացահայտելու նպատակով։ 

Ուսումնասիրության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։