Հասարակություն

ՀՀ տեղափոխված քաղաքացիների կեսից ավելին «յան» ազգանունով է. Քերոբյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ թե 2022 թ–ի փետրվարից մինչև 2023թ–ի մարտի 1-ը ՀՀ-ում գտնվող Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող անձանց ընդհանուր թվաքանակը կազմել է 113.700 անձ, որոնցից 64.862–ը «յան» ազգանունով են։

ԱԺ տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ նա ասել է, թե նախորդ տարվա ընթացքում ՌԴ քաղաքացիություն ունեցող 7328 անձ իր տնտեսական գործունեության կենտրոնը տեղափոխել է Հայաստան. «Գործունեության հիմնական ոլորտներն են՝ ծրագրային ապահովման մշակման ոլորտում մոտ 3900 կազմակերպություն և ԱՁ, մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում` 679, ՏՏ և համակարգչային տեխնիկայի ոլորտում` 339»։

Ըստ նախարարի, նախորդ տարի էականորեն աճել է նաև ԵԱՏՄ երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը. «Մեր երկիր այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 665 հազար 658, որոնցից 790 հազար 400–ը եղել են ՌԴ–ից, 17 հազար 200–ն էլ Բելառուսից են եկել Հայաստան»։