Հասարակություն

Ֆինանսական համակարգն ավելի լավ է կառավարելու արտարժութային ռիսկերը. Պապոյան

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի, Նարեկ Գրիգորյանի հեղինակած ««Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ վերջին տարիներին աճել է ֆինանսական և ոչ ֆինանսական ակտիվների, արտարժույթի փոխարժեքի տատանողականությունը, ինչն արտարժույթով վարկ ունեցող քաղաքացիների համար մեծ ռիսկեր կարող է առաջացնել: Վերջինս հատկապես բնորոշ է խոշոր և երկարաժամկետ բնակարանային հիպոտեկային վարկերի դեպքում: Մասնավորապես, արտարժույթով վարկի գործողության առաջին եռամսյակում արտարժույթի 25 տոկոսով արժևորման հավանական սցենարի դեպքում, հիպոտեկային վարկի սպասարկման բեռը սկզբնական բեռի համեմատ կաճի շուրջ 25 տոկոսով, և նույնիսկ կգերազանցի համադրելի ժամկետով դրամային վարկի սպասարկման ընդհանուր բեռին:

Հիմնական զեկուցող, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից:

Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ նախագծով մեր համաքաղաքացիները պաշտպանված կլինեն արտարժութային ռիսկերից:

Իր որոշակի մտահոգություններով է կիսվել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Խաչատրյանը: Ըստ ընդդիմադիր պատգամավորի` օրենքի նախագծի հիմքում չկան փաստացի հաշվարկներ:

Գևորգ Պապոյանը շեշտադրել է, որ ֆինանսական համակարգն ավելի լավ է կառավարելու արտարժութային ռիսկերը:

Մտահոգություններով կիսվել են նաև Ամերիկայի առևտրի պալատի գործադիր տնօրեն Լիլիթ Գևորգյանը, ինչպես նաև վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը և ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը քննարկման ընթացքում բարձրացված բոլոր հարցերին տվել են սպառիչ պարզաբանումներ: Ըստ Գևորգ Պապոյանի` բիզնեսի և հանրային շահերը չպետք է հակադրվեն, այդ շահերը պետք է լինեն համընթաց:

ԿԲ նախագահի տեղակալի հավաստմամբ օրենքի նախագծով նոր խաղի կանոններ են ներմուծվում, որոնք միտված են ապագային և շատ կարևոր գործիք են. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։