Հասարակություն

Ոստիկանությունը՝ Գևորգ Պետրոսյանի ձերբակալության մասին

Մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի, սահմաններում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները Աբովյան-Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մեքենա, որի վարորդը մեքենան վարել է անկանոն: 

Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում «Մերսեդեսի» վարորդը չի ենթարկվել պարեկների բարձրախոսով հնչեցրած «կանգ առ» օրինական պահանջին և շարունակել է մեքենան անկանոն վարել: 

Պարեկները հետապնդել են նրան, ինչի ընթացքում ևս մի քանի անգամ հնչեցրել են «կանգ առ» օրինական պահանջ: Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենան հարկադրաբար կանգնեցվել է: Վարորդը հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի: Շարունակելով հետապնդումը՝ պարեկները նույն փողոցում կրկին հարկադրաբար կանգնեցրել են մեքենան: 

Վարորդը հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգումից և սպառնացել է պարեկներին: 

Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին: 
Նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ձերբակալվել է նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: