Գործադիրն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2020 թ. ապրիլի 23-ի թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրի փոփոխություն N 2-ի ստորագրման առաջարկությանը:
Ծրագրի նպատակն է տեխնիկական աջակցության (4.4 մլն եվրո) և ներդրումների (5.6 մլն եվրո) միջոցով զարգացնել արդի ոռոգման համակարգը՝ վերացնելով ջրի պահեստավորման, ոռոգման ենթակառուցվածքների, հողերի միավորման, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների ու վարկերի հասանելիության հետ կապված խոչընդոտները: Այն իրականացվելու է Արարատի և Արմավիրի մարզերում, որոնք ունենալով շուրջ 500,000 բնակչություն և 65 տոկոս ոռոգելի հողատարածք` հնարավորություն ունեն նշանակալի խթանելու Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի արդիականացմանը:
Ծրագիրը բաղկացած է 3 հիմնական բաղադրիչից, որոնք իրենց հերթին ներառում են նաև ենթաբաղադրիչներ. ինստիտուցիոնալ աջակցություն՝ ոռոգվող գյուղատնտեսության ոլորտում ներգրավված ազգային և տեղական շահառուներին, ոռոգվող գյուղատնտեսական արդյունքի բարելավում, հաղորդակցման և ծրագրի կառավարման ծախսեր:
Ոռոգման ենթակառուցվածքներում կատարվող ներդրումները կնպաստեն գյուղատնտեսության զարգացման խթանմանը, ինչպես նաև ոռոգվող գյուղատնտեսության ոլորտում ներգրավված երկու հիմնական նախարարությունների միջև ինչպես կենտրոնական, այնպես էլ տեղական մակարդակներում բարելավված համակարգվածությանը և փոխգործակցությանը: