Հասարակություն

Զինծառայության մեջ չգտնվող անձանց կողմից համազգեստ կրելու համար պատասխանատվություն կսահմանվի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթին։

Ըստ այդմ, առաջարկվում է պատասխանատվություն սահմանել զինվորական համազգեստը զինծառայության մեջ չգտնվող և այն կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու, պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին և շահագործման համար պիտանի վիճակում չպահելու կամ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների ներգրավումից խուսափելու համար:

«Կանոնագրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սպաների կողմից կատարված կարգապահական իրավախախտումների պարագայում պարտադիր նշանակվում է ծառայողական քննություն: Այս դրույթը բավականին ծանրաբեռնում էր տարբեր տեսակի ոչ էական բնույթի տարբեր իրավախախտումների համար սպայական կազմի զինծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը, ինչպես նաև առավել պարզեցված կարգով կարգապահական իրավախախտման դեպքը քննելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի բացակայությունը կրկին անհամաչափ ծանրաբեռնում էր զորային օղակի գործունեությունը: Դրա փոխարեն, որպես ծառայողական քննության նշանակման պարտադիր դեպքեր, նպատակահարմար է սահմանել զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, մարտական հեր­թապահության կրման կամ սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման կանոնների խախտման, մարմնական վնասվածք կամ նյութական վնաս պատճառելու դեպքերը՝ որպես զինվորական ծառայության հարաբերությունների վրա առավել բացասական ազդեցություն ունեցող իրավախախտումներ»,- ասված է որոշման հիմնավորման մեջ: