Հասարակություն

Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նստաշրջանը

Նյու Յորքում այսօր մեկնարկել է ՄԱԿ կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանը (CSW67), որտեղ ՀՀ պատվիրակությունը ղեկավարարում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Այս նստաշրջանի գերակա թեման և նախարարական հատվածը կլինեն նորարարության, տեխնոլոգիական առաջընթացի, կրթության մասին՝ գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների ու հնարավորությունների առաջխաղացման համատեքստում։ Նստաշրջանի շրջանակում նախարար Մկրտչյանը հանդես կգա զեկույցով, կհամակարգի Հայաստանի կողմից նախաձեռնված հարակից միջոցառումը, կմասնակցի «Գենդերային թվային բաժանումը շրջանցելու հարցում խոչընդոտների հաղթահարման և թվային դարաշրջանում կրթության խթանման առաջատար փորձը՝ գենդերային հավասարության հասնելու համար» թեմայով նախարարական կլոր-սեղանին։

Նստաշրջանին մասնակցում է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, Իմփակտ Ինովացիաների Ինստիտուտի և Safe YOU բջջային հավելվածի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարիամ Թորոսյանը։

 Հիշեցնենք, որ ՄԱԿ կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովը կանանց իրավունքների, գենդերային հավասարության և կանանց առաջխաղացմանն առնչվող ոլորտներում քաղաքականություն մշակող հիմնական միջկառավարական մարմինն է։ Հանձնաժողողովի 45 անդամ երկրներն ընտրվում են տարածաշրջանների աշխարհագրական հավասար ներկայացվածության սկզբունքով։ Հայաստանն ընտրվել է հանձնաժողովի անդամ 2019-2023 թվականների համար։