Հասարակություն

«Վարակիչ հիվանդությունների՝ անգամ փոքր բռնկումներն ունեն աճելու պոտենցիալ». Ավանեսյանը կոչ է անում պատվաստվել

«Վարակիչ հիվանդություններին պետք է լուրջ վերաբերվել». հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով Հայաստանում կարմրուկի բռնկման դեպքերին։ Նրա խոսքով՝ վարակիչ հիվանդությունների՝ անգամ փոքր բռնկումներն ունեն աճի պոտենցիալ, եթե դրանց նկատմամբ համալիր գործողություններ չիրականացվեն։

Նախարարը տեղեկացրել է, որ կարմրուկի վերջին բռնկումը եղել է 2007թ. «Երկու տարի առաջ եղել է մի քանի հատուկենտ դեպք՝ 2-3 հոգի, այս անգամ թիվն ավելի մեծ է, դրանով էլ պայմանավորված է մեր ուշադրությունն այս խնդրին»։

Նախարարը կարևորել է կարմրուկի դեմ պատվաստումները։ Նա վստահեցրել է՝ բոլոր պոլիկլինիկաներն ունեն պատվաստանյութերի անհրաժեշտ քանակ. «Առաջիկայում հաջորդ խմբաքանակը կներկրվի․ պատվաստանյութերի առկայության որևէ խնդիր չունենք։ Բացի այդ, առաջիկա օրերին կստեղծվի մեկ-երկու շարժական կետ, որ պատվաստումը մեր քաղաքացիների համար լինի ավելի հասանելի։ Քովիդի մեր փորձը ցույց տվեց, որ երբեմն պոլիկլինիկա այցելելը բարդ է, դրա համար կստեղծվեն բոլոր պայմանները, որ քաղաքացիները պատվաստվեն»։

Ավանեսյանը կարևորել է խնդրի ակտիվ լուսաբանումը. «Բժշկական հանրույթն իր հատվածով անում է անհրաժեշտ գործողություններ։ Բնակչությունը պետք է տեղեկացված լինի և, օրինակ, զերծ մնա մինչև մեկ տարեկան երեխաներին ժամանցի վայրեր հաճախակի տանելուց, որտեղ վարակման հնարավորությունը մեծ է, որովհետև 1 տարեկան երեխաները պատվաստված չեն»։ Նա շեշտեց, որ հատկապես մանկահասակ երեխաների դեպքում չպետք է զբաղվել ինքնաբուժությամբ, այլ հարկավոր է դիմել բժշկի։

Անդրադառնալով մեծահասակների վարկման հավանականությանը, Ավանեսյանն ասաց, որ հիվանդությունը տարածվում է նրանց շրջանում, որոնք պատվաստված չեն։