Հասարակություն

Իմ տեղեկություններով՝ կարմրուկը հիվանդանոցի ներսից է տարածվել. Արսեն Թորոսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, թե իր տեղեկություններով՝ կարմրուկի տարածման դեպքը ներհիվանդանոցային է եղել։

Ըստ նրա, հիվանդությունը տարածվել է հիվանդանոցի ներսից՝ հիվանդ երեխայից՝ մյուսներին. «Մի ինֆորմացիա կա, որ տարածման օղակում եղել է բուժաշխատող՝ չպատվաստված, ինչն ինքնին ցավալի է։ Բժիշկները, բուժաշխատողները կոչված են իրականում մեզ օգնելու, որ դիմակայենք հիվանդություններին, բայց երբեմն նրանք էլ են տուրք տալիս դավադրապաշտական տեսություններին և փաստորեն չեն պատվաստվում, իրենց երեխաներին չեն պատվաստում, կոչ են այլ ծնողների իրենց երեխաներին չպատվաստել։ Եվ փաստացի մենք ունենում ենք բավական մեծ թվով չպատվաստված քաղաքացիներ»,–ասել է Թորոսյանը։

Այս համատեքստում նա կարևորել է բոլորի, այդ թվում բժիշկների պատվաստված լինելու հանգամանքը. «Բժիշկները պետք է տուրք տան իրենց ակադեմիական գիտելիքներին, և ոչ թե տարատեսակ նյութերին՝ ինտերնետից կամ այլ տեղերից, որոնք հակառակն են կոչ անում։ Դուք պարտք ունեք փրկելու կյանքեր, այլ ոչ թե վտանգի տակ դնելու այդ կյանքերը»,- ասել է նա՝ քաղաքացիներին կոչ անելով պատվաստվել։