Կառավարությունը նախաձեռնել է կարգավորում, որ մինչև 2026 թվականը, հաշվի առնելով, որ առաջիկա երկու, երեք տարիների ընթացքում ամբողջությամբ կներդրվի և կավարտվի անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը, «Հատուցման» հիմնադրամի շահառու այն զինծառայողները, որոնք ունեին երկրորդ խմբի հաշմանդամություն և բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքում ձեռք կբերեն երրորդ խմբի հաշմանդամություն, կշարունակեն ստանալ պետության կողմից նշանակվող պարգևավճարը, կենսաթոշակը, ինչպես նաև միջինացված գումար պետության կողմից. մարտի 2-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ամփոփելով ԱԺ հերթական նիստերի աշխատանքները` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն անդրադարձել է ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին. տեղեկացնում է ԱԺ կայքը։
Խոսելով ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին` նա նշել է, որ նոր տեխնոլոգիաներին համահունչ` սահմանվել է, որ բռնարարի նկատմամբ էլեկտրոնային հսկողություն պետք է իրականացվի: Դիտարկումը, որ պետությունը լրացուցիչ ֆինանսներ է ծախսում, Հերիքնազ Տիգրանյանը համարել է արդարացված, քանի որ միայն 2022 թվականին ընտանեկան բռնության վերաբերյալ հազարից ավելի ահազանգ է ստացվել. հետևաբար դա պետության և հասարակության անհանդուրժող վերաբերմունքն է ընտանիքում բռնության նկատմամբ:
Լրագրողը խնդրել է մեկնաբանել օրեր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի արած այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանն անցել են օնլայն դիվանագիտության: Պատգամավոր Լիլիթ Մինասյանը նշել է, որ երեկ ՀՀ վարչապետը պատասխանել է, թե ինչ փուլում է գտնվում խաղաղության պայմանագրի գործընթացը: Նշվել է, որ երեք փուլով գործընթաց է եղել. այդ գործընթացը տեղի է ունենում նաև օնլայն ձևաչափով: Իսկ օնլայն ձևաչափով ընթացող գործընթացը, ըստ պատգամավորի, արագացնում է խաղաղության պայմանագրի վերջնական կնքման գործընթացը:
Պաշտոնական Երևանը հաճախ է խոսում, որ պետք է միջազգային տեսանելի մեխանիզմ ստեղծվի, որի շրջանակում Ստեփանակերտը և Բաքուն պետք է երկխոսեն միմյանց հետ. լրագրողը խնդրել է մեկնաբանել, թե ինչ է նշանակում «միջազգային տեսանելի մեխանիզմ» արտահայտությունը: «Տեսանելի մեխանիզմն իրենից ենթադրում է գործընթացների թափանցիկություն, որի շնորհիվ ոչ միայն Արցախի ժողովուրդն է համոզվելու, որ իրենց անվտանգությունն ու իրավունքներն ապահովված են, այլ նաև ամբողջ աշխարհն ու Հայաստանի Հանրապետությունը»,- պատասխանել է Լիլիթ Մինասյանը` հավելելով, որ ձևաչափը դեռևս քննարկման փուլում է: