Հասարակություն

«Արիս» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը խարդախության գործով կալանավորվել է. ՔԿ

Ավարտվել է բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից խարդախությամբ խոշոր չափերով մի քանի դրվագ հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում միացված վարույթով իրականացված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ «Արիս» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը 2022թ. հունիսին ծանոթացել է հագուստի առքուվաճառքով զբաղվող մի ընկերության տնօրենի հետ և, ներկայանալով որպես բարեգործական հիմնադրամի նախագահ, հասարակության շրջանում հեղինակություն վայելող անձնավորություն, առաջարկել է նշված ընկերությանը պատկանող խանութից ձեռք բերել տարբեր տեսակի հագուստներ՝ գումարը հետագայում վճարելու պայմանով, ինչին ընկերության տնօրենը համձայնել է: Սակայն չարաշահելով վերջինիս վստահությունը՝ հետագայում, գումարները վճարելու կեղծ խոստումներով, նա խանութից վերցրել է 3.148.800 ՀՀ դրամի հագուստ, սակայն որևէ վճարում չկատարելով՝ խաբեությամբ հափշտակել է դրանք՝ ընկերությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս: 

Բացի այդ, հանդիսանալով հագուստի և ներքնազգեստի խանութների առքուվաճառքով զբաղվող ընկերության խանութների մշտական հաճախորդ, օգտագործելով բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելու հանգամանքը, ծանոթ լինելով նշված ընկերության գլխավոր մենեջերի հետ՝ նույն անձը վերջինիս մոտ առաջացրել է վստահություն և հետագայում գումարներ վճարելու կեղծ խոստումներով 2020թ. մայիս ամսվա ընթացքում ընկերությանը պատկանող խանութներից վերցրել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 4.412.110 ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի հագուստ, սակայն որևէ վճարում չկատարելով՝ նա խաբեությամբ հափշտակել է նշված հագուստները՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: 

Պարզվել է նաև, որ նշված անձը 2018թ. ամռանը ծանոթացել է Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակչուհու հետ, ում հայտնել է, որ հանդիսանում է «Արիս» բարեգործական հիմնադրամի հոգբարձուների խորհրդի նախագահ։ Վերջինիս մոտ առաջացրել է վստահություն և Շիրակի մարզի Բայանդուր գյուղում մկրտություն կատարելու համար արծաթյա շղթաներ, խաչեր և այլ իրեր տրամադրելու անհրաժեշտության ներկայացմամբ, հիմնադրամում բարեգործական ներդրումներ կատարած անձանց ոսկյա զարդեր նվիրելու կեղծ պատրվակով, հիշյալ բնակչուհու տանը, վերջինիս վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով, նրանից ստացել ու հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3.713.000 ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի ոսկյա զարդեր, արծաթյա խաչեր, շղթաներ և այլ իրեր։ Այդ կերպ Զովք գյուղի բնակչուհուն պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: 

Ձեռք բերված փաստերի հիման վրա բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (2 դրվագ) և 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: 

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիշյալ անձն իր կողմից պատճառված վնասից վերականգնել է 1 900 000 ՀՀ դրամը: Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: