«Մենք դիտարկում ենք մարզերում ծառայությունների համաչափ հասանելիությունն ու ամեն ինչ անում, որ ծառայությունները հնարավորինս մոտ լինեն բնակավայրին», - հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
Նախարարի խոսքով՝ ծառայությունների ճիշտ բաշխվածության, քարտեզագրման հարց կա նաև. «Պետք է հստակ լինի, թե որ խմբի ծառայություններն է հնարավոր որակյալ, հասանելի դարձնել մոտ բնակավայրին, և որոնք են պահանջում որոշակի նոր տեխնոլոգիաներ, մասնագետների առկայություն, և ինչպես անել, որ խմբավորված լինեն մարզկենտրոններում՝ պահելով հասանելիության կենտրոնը»։
Անահիտ Ավանեսյանը խոսել է նաև Մարտունու բժշկական նորակառույցի կենտրոնի մասին, շեշտելով, որ այն հագեցած է լինելու նորագույն սարքավորումներով. «Վարդենիսից մեր պացիենտները սպասարկվում են Մարտունիում։ Իսկ հոմոդեալիզի համար անհրաժեշտ է ունենալ որոշակի նվազագույն թիմ՝ պացիենտների թիվ, որ հնարավոր է դարձնում ծառայության առկայությունը տվյալ բժշկական կենտրոնում։ Եթե ճիշտ եմ հիշում, Վարդենիսում հինգ պացիենտ ունենք, Մարտունիում՝ մոտ քառասուն։ Ինչպես տեսնում եք, հինգ պացիենտի համար կենտրոն, ծառայություն ունենալը դժվար է լինելու, որովհետև այն ենթադրում է մասնագետ, տեխնոլոգիաներ և այլն։ Բայց ճանապարհների հասանելիության մեծացումը, լավ ճանապարհները, տրանսպորտային լավ կապվածությունը բերելու է նրան, որ ծառայությունը հասանելի է լինելու Մարտունիում»։