Հասարակություն

Նախատեսվում է ընդլայնել արտամարմնային բեղմնավորման ծրագիրը

«Կառավարության նոր որոշմամբ մենք ոչ թե սահմանեցինք արտամարմնային բեղմնավորման ծրագրից օգտվողների համար նոր տարիք, այլ՝ արդեն իսկ եղած ծրագիրը, որի շեմը 35 տարին էր, ընդլայնեցինք շատ ավելի մեծ շահառուների խմբի համար», - տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

Նրա խոսքով՝ եթե 2022թ. այս ծրագրում ընդգրկվելու համար եղել է մոտ 900 դիմում, ապա 2023թ. հունվար-փետրվարին՝ 750-ից ավելի. «Սա նշանակում է, որ ծրագիրը սպասված էր»։

Ավանեսյանը պնդել է, որ տարեցտարի վերանայելու են ծրագիրն ու ընդլայնելու են շրջանակները։ Խոսելով սահմանված տարիքային շեմի մասին՝ նախարարը պարզաբանել է․ այն սահմանված է՝ ելնելով բժշկական ցուցումներից, արդյունավետությունից. «Փորձը ցույց է տալիս, որ որքան բարձր է տարիքը, այնքան երեխայի ծնվելու հավանականությունն ավելի ցածր է, կողմնակի ազդեցությունը կնոջ առողջության վրա՝ ավելի ծանր»։

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ նախարարությունը խնդրանքներ է ստանում, որ ընդլայնեն ծրագիրը. «Մենք դա միանշանակ նախատեսում ենք։ Առաջիկա վեց ամիսների արդյունքները կամփոփենք և կտեսնենք, թե ինչպես ենք ծրագրի շրջանակներն ընդլայնելու»։