Հասարակություն

Նախարարը հանձնարարել է անհանդուրժող լինել զորքերում արատավոր երևույթների, միջանձնային ոչ կանոնադրային հարաբերությունների նկատմամբ

Մարտի 1-ին ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է առավոտյան տողանի շարված անձնակազմին:

Ելույթում նախարար Պապիկյանը կարևորել է զինծառայողների բարձր առաջադիմությունը ուսումնամարտական վարժանքների, տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում: Սուրեն Պապիկյանն անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, մարտական պատրաստության լիարժեք ապահովմանն ուղղված քայլերին, ներկայացրել ԶՈւ բարեփոխումների հիմնական դրույթները:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սպաներին հանձնարարել է անհանդուրժող լինել զորքերում հայտնաբերվող արատավոր երևույթների, միջանձնային ոչ կանոնադրային հարաբերությունների նկատմամբ:

Այնուհետև նախարար Պապիկյանը առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, լսել նրանց մտահոգությունները, առաջարկությունները, հետաքրքրվել ծառայողական և սոցիալական ապահովության հարցերով: Սուրեն Պապիկյանը սպաներին մանրամասներ է ներկայացրել մեկնարկող ատեստավորման գործընթացի վերաբերյալ և վստահություն հայտնել, որ այն դրական ազդեցություն կունենա զինծառայողների մարտական պատրաստության վրա:

Պաշտպանության նախարարը տեղում մի շարք ցուցումներ է տվել զորամիավորման և զորամասի հրամանատարական կազմին: