Հասարակություն

Առանձնատանը հայտնաբերվել է Լիճք բնակավայրի վարչական ղեկավարի դին

Փետրվարի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել «Մարտունի» բժշկական կենտրոնից, որ «Մարտունի» շտապօգնության խումբը կանչով մեկնել է Լիճք գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լիճք բնակավայրի վարչական ղեկավար 66-ամյա Հայկ Հոխիկյանն է, որը նույն օրը ժամը 02:45-ի սահմաններում իր առանձնատանը հանկարծամահ է եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։