Հասարակություն

Ադրբեջանի դեմ ՀՀ-ին վերաբերող ՄԻԵԴ 6 վճիռ կա

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր տեղեկացրել է, որ Ադրբեջանի դեմ կա ՄԻԵԴ-ի 6 վճիռ, որոնք վերաբերում են հայկական հարցերին: 

«Սրանցից առաջինը Գուրգեն Մարգարյանի կացնահարման դեպքով վճիռն է, մնացած վճիռները վերաբերում են քաղաքացիական անձանց, որոնք կամ սպանվել են, կամ խոշտանգվել են, ապա մահացել են, կամ խեղվել են ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո լրիվ խաղաղ պայմաններում:  Այս վճիռների կատարման ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են թե ԱԳՆ-ի կողմից, թե մեր կողմից՝ սերտորեն աշխատելով Ստրասբուրգում մեր ներկայացուցչության հետ: Մենք անընդհատ փորձում ենք այս հարցերը բարձրացնել Նախարարների կոմիտեի օրակարգում»,- ասել է նա։ 

Կիրակոսյանը նաև նշել է, թե Ադրբեջանի կողմից հաստատված 33 գերիների դեմ ապօրինի դատավարությունների մասով որոշ տղաների հետ կապված դատարանի` միջանկյալ միջոցներ կիրառելու որոշումների ժամկետները լրացել են, սակայն նրանք շարունակում են բանտում պահվել. «Իրավական գործիքներով մաքսիմալ հնարավոր բոլոր ջանքերն արվել են։ Ցավոք, այս պահին լրացուցիչ որևէ անելիք չունենք այս մասով` եթե նոր փաստեր ենք գտնում, ներկայացնում ենք դատարանին»,– տեղեկացրել է Կիրակոսյանը։