Հասարակություն

«Ապարանյան ձմեռ»․ տոնական մթնոլորտում ներկայացվել են ազգային համն ու հոտը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ավանդական ուտեստներից մինչև ազգային երգ ու պար, մարզական խաղեր ու մրցումներ․ Արագածոտնի մարզի տարբեր համայնքներից և Հայաստանի մի շարք մարզերից այսօր Ապարան էին եկել հազարավոր մարդիկ՝ վայելելու «Ապարանյան ձմեռ» ամենամյա մարզամշակութային գունեղ փառատոնը։

Մասնակից էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։ Մարզի համայնքներն իրենց տաղավարներում ներկայացնում էին ազգային ուտեստներ, իրենց այգիների բերք ու բարիքից պատրաստված չրեր ու պահածոներ, հյուրասիրում մասնակիցներին։

Մարզպետը շրջել է բոլոր տաղավարներով, զրուցել փառատոնի մասնակիցների հետ, ողջունել նրանց ներկայությունն ու նախաձեռնողականությունը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Արագածոտնի մարզում բնակվող եզդիական համայնքի ներկայացուցիչներ, որոնց հետ զրույցում մարզպետ Սերգեյ Մովսիսյանն իր ուրախությունն է արտահայտել այն կապակցությամբ, որ նրանք ակտիվորեն մասնակցում են մարզի միջոցառումներին, ներկայացնում իրենց մշակույթը, ինչպես նաև ծանոթանում հայկականին։

Փառատոնի ողջ ընթացքում հնչում էին ազգային երգեր, ցուցադրվում էին հայկական տարազներով պարեր, տեղի էին ունենում տարբեր մարզաձևերից մրցումներ։ Փառատոնի գլխավոր ուղերձն ինչպես միշտ մեկն էր՝ համախմբումն ու ազգայինի պահպանումն ու ներկայացումը։