Հասարակություն

Ազգականները միմյանց մկրատով և ուրագով հարվածներ են հասցրել. նրանցից մեկը կալանավորվել է

ԵՐԿՈՒ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ՝ ՄԻՄՅԱՆՑ ՄԿՐԱՏՈՎ ԵՎ ՈՒՐԱԳՈՎ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹՈՎ ՄԵԿ ԱՆՁ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում  իրականացվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ 2023թ․ փետրվարի 21-ին, երեկոյան, Երևան քաղաքի Վարդանանց նրբանցքի հասցեներից մեկում կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ընթացքում երկու ազգականների կողմից միմյանց հարվածներ և մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
 
ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախաձեռված քրեական վարույթի շրջանակում կատարվող քննությամբ պարզվել է, որ 2023թ․ փետրվարի 21-ին, ժամը 00:00-ից 01:00-ի սահմաններում, Մ․ Ֆ․-ն կնոջ հետ գնացել է իր ազգական Ռ․Բ․-ի՝ Երևան քաղաքի Վարդանանց նրբանցքում գտնվող տուն՝ նախօրեին վերջինիս որդու կողմից իր ավտոմեքենայով այլ ավտոմեքենայի հարվածելու և դրա հետևանքով կրած վնասի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով։

 Խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ժամանակ Մ․Ֆ․-ն, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում իր մոտ գտնվող մկրատի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, երկու անգամ հարվածել է Ռ․ Բ․-ի կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ ծակած-կտրած, թափանցող վնասվածքներ: Իր հերթին Ռ․Բ․-ն նույն վիճաբանության ժամանակ ուրագով հարվածներ է հասցրել Մ․ Ֆ․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Վերոնշյալ հանրորեն վտանգավոր արարքը կատարելու հիմնավոր կասկածանքով նույն օրը Մ․ Ֆ․-ն ձերբակալվել է։
 
Ռ․Բ․-ն, ով, ստացած մարմնական վնասվածքների պատճառով ի վիճակի չի եղել մասնակցելու վարույթային և քննչական գործողությունների, ճանաչվել է տուժող։
  
Զննությամբ դեպքի վայր հանդիսացող տանը հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործության գործիք ուրագը և մկրատը:
  
Առողջությանը փոխադարձաբար պատճառված վնասների ծանրության աստիճանը պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
 
Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին Մ․ Ֆ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է և նշված անձին ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ներկայացվել է մեղադրանք։
 
Մ․Ֆ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, այդ թվում ուրագով հարվածներ հասցրած ազգականի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։ 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ՀՀ քննչական կոմիտե