Հասարակություն

Նախանշվել է Քաղաքաշինության կոմիտե-ՀԲ գործակցության օրակարգը

Քաղաքաշինության կոմիտեն հյուրընկալել է Համաշխարհային բանկի քաղաքաշինության և աղետների ռիսկի կառավարման ծրագրեր իրականացնող թիմի ներկայացուցիչներին:

Կողմերն ամփոփել են համատեղ իրականացված նախաձեռնությունները և դիտարկել համագործակցությունը շարունակելու հնարավոր ուղղությունները: Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կարևորել է Համաշխարհային բանկի արհեստավարժ մասնագետների թիմի հետ արդյունավետ աշխատանքը, որի արդյունքում մշակվել են շենքերի էներգաարդյունավետությանը վերաբերող նորմերը, և մեկնարկել է էներգաաուդիտի ուղղությամբ գործակցությունը:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց հետաքրքրվածությունն են ցուցաբերել այն միջոցառումների նկատմամբ, որոնք կոմիտեն իրականացնում է՝ ՀՀ Կառավարության ծրագրի և քաղաքաշինության ոլորտի ռազմավարության համաձայն: Միաժամանակ պատրաստակամություն են հայտնել՝ դիտարկելու դրանց իրագործմանն աջակցելու հնարավոր ուղիները:

Հանդիպման արդյունքում նախանշվել է կոմիտե-ՀԲ գործակցության օրակարգը, որն առավելապես կառնչվի բնակարանային ֆոնդի արդիականացմանը և շենքերի անձնագրավորմանը: Կկազմակերպվի ևս մեկ քննարկում՝ հստակեցված ուղղությունների առավել մանրամասն ուսումնասիրման նպատակով: