Հասարակություն

«Սևան» ազգային պարկը և դրա պահպանական գոտին կսահմանազատեն

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Սևան ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության և մշակման իրականացում» ծրագրի վերաբերյալ աշխատանքային քննարկում։

Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, «Սևան» ազգային պարկի և ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Սևան ազգային պարկի կառավարման պլանի մշակումը «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ՄԱԶԾ ծրագրի մաս է և իրականացվում է «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ (Հայաստան), Սոլյուտոն ՍՊԸ (Հայաստան), DHP Conservation Ltd (Չեխիա), NaravaNarave d.o.o (Սլովենիա) կոնսորցիումի կողմից։

Համառոտ զեկույցների միջոցով նախարարին է ներկայացվել արդեն իսկ իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն։ Քննարկվել են այդ ընթացքում գույքագրված խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակներ։

Հիշեցնենք, որ «Սևան» ազգային պարկի կառավարման նախորդ պլանը մշակվել է 2007 թվականին, որն այլևս չի թարմացվել։

Նախարարը ևս մեկ անգամ փաստել է, որ աշխատանքների արդյունքում պետք է ստանալ այնպիսի համապարփակ փաստաթուղթ, որը կօգնի լուծումներ գտնել առկա հիմնահարցերին և առավել արդյունավետ կառավարում իրականացնել։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու սահմանազատմանը և քարտեզագրմանը․ կենսաբազմազանության և անտառային տարածքների գույքագրման արդյունքների հիման վրա պետք է քարտեզագրվեն «Սևան» ազգային պարկի տարածքագործառնական գոտիները։

Նախարարը գործընկեր կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրել այն ուղղությունների և առաջնահերթությունների վրա, որ այսօր նախանշում է նախարարությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները դարձնել պարբերական։