Հասարակություն

Թարմ խաղողի անվան տակ փորձել են 303 հազար տուփ ծխախոտ արտահանել

Օրերս ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն վարչության  Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել  տրանսպորտային միջոց, որը, տարանցման հայտարարագրով ձևակերպված, ՌԴ պետք է տեղափոխեր թարմ խաղող:

Ստացված տեղեկությունների իրականացնման նպատակով տեսազննման է ենթարկվել վերոնշյալ բեռնատարը: Տեսազննման արդյունքում պարզվել է, որ մաքսային մարմինների կողմից դրված ապահովման միջոցը վնասված չի եղել: Հետագա հսկողությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցն ուղարկվել է ռենտգեն զննման: Ռենտգեն հսկողությունից խախտման հատկանիշներ չհայտնաբերվելուց հետո, տրանսպորտային միջոցն ուղարկվել է խորը զննման անգար: 

Արդյունքում պարզվել է, որ արկղերի գերակշիռ մասը, որոնցով տեղափոխվել են ապրանքները, հատուկ հարմարեցված են` ունեն երկհատակ, ինչը ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոց է: Զննման արդյունքում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, մաքսային հսկողության ենթակա ապրանքներ` տարբեր տեսակի ծխախոտներ` ընդհանուր քանակը 303 հազար 460 տուփ: 

Իրավախախտման օբյեկտ համարվող ապրանքների տեսազննումից պարզվել է, որ մի մասի վրա առկա են ակցիզային դրոշմանիշներին նմանվող այլ պիտակներ, որոնք չեն համապատասխանում ՊԵԿ-ի կողմից տրամադրող ակցիզային դրոշմանիշներին, իսկ մնացած մասի վրա ընդհանրապես ակցիզային դրոշմանիշներ առկա չեն:

Արարքն իր մեջ պարունակում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313 հոդվածի հատկանիշներ: «Մաքսային կարգավորման մասին» տվյալ հոդվածը սահմանում է՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով` գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով: 

Դեպքի առնչությամբ  նյութերն ուղարկվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախության վարչություն` հետագա ընթացքն ապահովելու նպատակով: