Հասարակություն

Քննարկվել են էլեկտրոնային առողջապահության գործելակարգերը

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին և առաքելության ղեկավար Քիրթի Ռամեշին: Հանդիպմանը Արտակ Ջումայանը ներկայացրել է կատարված աշխատանքները և 2023 թվականի առաջիկա անելիքները, խոսել դեղատոմսերի ամբողջովին ներդրման, պատմագրերի, մշակվող գործելակարգերի մասին, որոնք բժշկի համար հուշող գործիքներ կլինեն բուժառուի հետ աշխատելու ժամանակ:

Քննարկվել է էլեկտրոնային առողջապահությունը և առանձնացվել դրա զարգացմանն ուղղված ռազմավարական մի քանի առանցքային կետեր` հիվանդանոցային պատմագրերի և պոլիկլինիկական ամբուլատոր քարտի ներդրումը, բուժաշխատողների վերապատրաստումների կարևորությունը, հավաքագրված տվյալների վերլուծության կառուցվածքը, արհեստական բանականությունը:

Հյուրերը պատրաստակամություն են հայտնել օգնելու մշակել և ներդնել հեռաբժշկությունն` իր ամբողջ ծավալով, ինչպես նաև աջակցել բուժաշխատողների վերապատրաստումների գործընթացին: Հանդիպման վերջում Արտակ Ջումայանը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին օժանդակելու պատրաստակամության համար և հույս հայտնել, որ երկկողմ համագործակցության ծրագրերը կլինեն շարունակական: