Անձի ֆունկցիոնալության գնահատում իրականացնելու նպատակով ԱՍՀՆ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից մշակվել և փետրվարի 1-ից գործարկվել է e-disability.am հարթակը:
Նոր համակարգը փետրվարի 1-ից առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմած քաղաքացիներին հնարավորություն է տալիս ստեղծել և ներկայացնել առցանց դիմում ցանկացած պահի և ցանկացած վայրից, դիմումի հետ ստեղծել ու ներկայացնել ինքնագնահատման թերթիկ, դիմումն ստեղծել անձամբ կամ օրինական ներկայացուցչի կողմից կամ ՄՍԾ օպերատորի օգնությամբ, ստանալ դիմումի ընթացքի վերաբերյալ ծանուցումներ նախընտրելի տարբերակով (էլփոստի հասցե, փոստ կամ առձեռն)։
Այսպիսով, 2023թ․ փետրվարի 1-ից անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով․ նախ քաղաքացին դիմում է բուժհաստատություն, որտեղ կազմվում է էլեկտրոնային ուղեգիր և փոխանցվում ֆունկցիոնալության գնահատման e-disability համակարգին, այնուհետև քաղաքացին մուտք է գործում e-disability.am համակարգ, լրացնում դիմում և ինքնագնահատման հարցաթերթիկ ու ներկայացնում դիմումը։
Հաջորդիվ, քաղաքացու դիմումը, այդ թվում՝ բուժհաստատություններից ստացված տվյալները համադրվում են պետական տեղեկատվական համակարգերի հետ: Եթե տվյալները ճշգրիտ են և ամբողջական, դիմումը կընդունվի, եթե ոչ՝ ապա դիմումը կմերժվի։ Ցանկացած դեպքում քաղաքացուն ուղարկվում է հաղորդագրություն դիմումի ընթացքի մասին, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով ընտրում է ամփոփագիր մշակող մասնագետին և ուղարկում քաղաքացու դիմումը։
Ամփոփագիր մշակող մասնագետն առանց ծանոթանալու անձի անձնական տվյալներին, ուսումնասիրում է դիմումը և առկա տեղեկատվությունը, լրացնում ամփոփագիրը, ընտրում հանձնաժողովի ոլորտային բժիշկներին և հարբժիշկներին՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան նշումներ և մուտքագրում ամփոփագիրը հետագա մշակման, այնուհետև, համակարգն ինքնաշխատ եղանակով ընտրում է գնահատող հանձնաժողովի կազմը՝ ապահովելով անաչառություն և գործընթացների թափանցիկություն։
Հանձնաժողովի անդամների կողմից հաստատման պարագայում գնահատման վայրի և ժամի մասին քաղաքացին ստանում է հաղորդագրություն։ Գնահատման օրը հանձնաժողովի անդամները գործընթացն իրականացնում են համակարգում կարգաբերված անհատական էջերի միջոցով (որոնք քաղաքացու վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն են պարունակում), ուսումնասիրում են ամփոփագիրը, իրականացնում գնահատում։
Տվյալներն ամփոփվում են անձի ֆունկցիոնալության գնահատման բանաձևի հիման վրա, որի արդյունքում գեներացվում է հանձնաժողովի որոշումը: Վերջինիս մասին քաղաքացին ստանում է հաղորդագրություն իր նախընտրած ծանուցման եղանակով, այդ թվում՝ նաև էլեկտրոնային փոստով։
Փետրվարի 1-ից առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմած անձանց ֆունկցիոնալության գնահատումն իրականացվում է ոչ միայն բժիշկ-փորձագետների, այլև հարբժիշկների ներգրավմամբ, ինչը հնարավորություն է տալիս գնահատելու քաղաքացու կարողություններն ավելի հասցեական՝ որոշարկված ծառայությունների մատուցման նպատակով։
Անձի ֆունկցիոնալության գնահատող հանձնաժողովի կազմը ձևավորվում է ինքնաշխատ եղանակով։ Համակարգը բացառում և կանխարգելում է մարդկային գործոնով պայմանավորված որևէ սխալ՝ ապահովելով անաչառություն և թափանցիկություն։