ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է պատիժ սահմանել բռնությամբ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված կոչերի համար։
Մասնավորապես, առաջարկվում է սահմանել. «Ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ՀՀ արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանից հետաքրքրվեց՝ եթե որևէ մեկը հայտարարի, թե Հայաստանը պետք է միանա Բելառուսի հետ միությանը, արդյո՞ք պետք է պատժվի խոսքերի համար. «Կարծում եմ՝ հստակեցման անհրաժեշտությունը կա, որովհետև ինքնիշխանությունից զրկվելու կամ կոչ անելու քողարկված բազմաթիվ ձևեր կան՝ գեղեցիկ փաթեթավորումներով»։
Փոխնախարարը նշեց, որ օրենսդրությամբ հստակ սահմանված է բռնի ուժի կիրառումը կամ դրա դրսևորումը. «Միություններին անդամագրվելն իրականացվում է հանրաքվեների կամ այլ ճանապարհներով, որոնք բռնի ուժի կիրառում չի ենթադրում, իսկ նախագիծը խոսում է այն մասին, որ պետք է լինի բռնի ուժի կիրառում կամ դրա դրսևորում։ Հետևաբար, կարծում եմ՝ այդ մասով նախագծով նախատեսված հոդվածը չի վերաբերում»։