Հասարակություն

Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազը» գլորվել է ձորը. կան զոհեր

Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ փետրվարի 19-ին` ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը: 

2 զինծառայողներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են կայազորային հոսպիտալ. վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Մեքենայի անձնակազմը, եղանակային չափազանց վատ պայմաններում փորձելով ստորաբաժանման մյուս զինծառայողներին օգնության հասնել, խնդիրը կատարելու համար ցուցաբերել է անձնուրացություն:
Ցավոք սրտի, դժբախտ պատահարի հետևանքով վերոհիշյալ զինծառայողները մահացել են: 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում դժբախտ պատահարի հետևանքով մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: