Այսօր՝ գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ ոլորտի մասնագետների հետ տեղի ունեցավ պանելային քննարկում՝ գրքերի տպագրության ու տարածման շուրջ, այդ ոլորտում առկա խնդիրների, անելիքների և առաջարկների մասին։
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը լավատես չէ ներկայումս գրքերի սպառման միտումների հարցում,սակայն, ըստ նրա ինչ որ բաներ փոխվել են։ «Եթե 12 տարի առաջ Հայաստանում մեկ անուն գրքից տարվա մեջ միջինում գնում էին 10 հատ, ապա հիմա՝ 250 հատ է։ Բայց, եթե ցանկանանք հասնել ազգերի ընթերցանության միջին վիճակագրական տվյալներին, ապա այդ թիվը պետք է աճի մինչև տարեկան 3000 հատ»։
Քննարկման ընթացքում բանախոսները բարձրացրին հեղինակային իրավունքի խախտման դեմ պայքարի անհրաժեշտության հարցը, մասնավորապես, ընդգծվեց դատական իշխանության անելիքների խիստ անհրաժեշտությունը։
Անդրադարձ կատարվեց նաև դասագրքերը ժամանակակից գրականությամբ համալրելու և հանրաճանաչության մակարդակն աշխարհում բարձրացնելու նպատակով ներդրումների կարևորության հարցերին։