Հասարակություն

ԵԽ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց անվերապահ աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է ԵԽ ծրագրերի համակարգման հարցերով տնօրեն Կլաուս Նոյկիրխի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են ՀՀ-ԵԽ 2019-2022թթ. «Գործողությունների ծրագիրը» որով սահմանվել էր մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ուղղությունները:

Արա Մկրտչյանը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը:

ԵԽ գործընկերները՝ մատնանշելով այս ուղղությամբ նախկին ձեռքբերումները, վերահաստատել են իրենց անվերապահ աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում ավելի մեծ առաջընթաց գրանցելու գործում:

Կողմերը կարևորել են ԵԽ-ի հետագա աջակցությունը պրոբացիայի ինստիտուտի զարգացման, մասնավորապես՝ օրենսդրության բարելավման, նոր այլընտրանքային խափանման միջոցների և պատժատեսակի արդյունավետ կիրառման ուղղությամբ:

Եվրոպայի խորհուրդը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու նաև քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի մոնիթորինգի իրականացմանը, արդյունավետ կիրառմանը, քաղաքականություն մշակողների և ոլորտային այլ մասնագետների կարողությունների զարգացմանը:

ԵԽ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել «e-justice», «e-penitentiary» և «e-probation» ինտեգրված լուծումների կիրարկմանը: