Հասարակություն

Հայաստանյան օրենսդրությունը համապատասխանում է Օվիեդոյի կոնվենցիայի չափանիշներին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի մեկնարկի արարողությանը։

«Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրի մեկնարկին ամփոփեցինք վերջին տարիների համատեղ ձեռքբերումները, սահմանեցինք առաջընթացի նոր ուղիներ։

Կարևորեցի միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան առողջապահական ծառայությունների մատուցումը, ինչը ենթադրում է նաև մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների վերաբերյալ ազգային օրենսդրության շարունակական համապատասխանեցումը մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին և էթիկական սկզբունքներին, որոնք սահմանված են նաև Օվիեդոյի կոնվենցիայով։

Չնայած մեր երկիրը դեռևս չի վավերացրել կոնվենցիան, իրականացված օրենսդրության վերլուծությունը ցույց տվեց, որ մեր ազգային օրենսդրությունը մեծապես համապատասխանում է կոնվենցիայով սահմանված չափանիշներին»,- տեղեկացրել է Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում։

Նշենք, որ Օվիեդոյի կոնվենցիան վերաբերում է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը։