Հասարակություն

ՆԳ նախարարությունը պարզաբանել է, թե ինչու են մեքենաները «Սիլ Ինշուրանս»-ում ապահովագրել

ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «Օրերս լրատվամիջոցներում հարցադրում էր արվել, թե ՆԳՆ ոստիկանությունն ինչու է ծառայողական ավտոմեքենաների ապահովագրումն իրականացրել մեկ կոնկրետ կազմակերպության հետ:

Հայտնում ենք, որ ՆԳՆ ոստիկանության ավտոմեքենաների ապահովագրության ծառայության ձեռք բերումն իրականացվել է ՀՀ կառավարության 05.05.2017 թ. 526-Ն որոշման 23-րդ կետի 4-րդ ենթակետի աղյուսակի 18-րդ տողի և ՀՀ գնումների մասին օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու եղանակով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից պաշտոնական հարցումներ են արվել ապահովագրական ընկերություններին, և ստացված պատասխանների համաձայն՝ ամենամատչելի առաջարկ ներկայացրել է ՍԻԼ Ինշուրանս ընկերությունը: Մասնավորապես. ԿԱՍԿՈ ապահովագրության համար ավտոմեքենաների արժեքի. Նաիրի Ինշուրանս – 2.8 տոկոս, Արմենիա Ինշուրանս- 5.5 տոկոս, ՍԻԼ Ինշուրանս – 1.7 տոկոս, Ինգո Արմենիա – Շկոդան ա/մ – 7 տոկոս, Տոյոտա ա/մ – 2.4 տոկոս, ՌԵՍՍՈ ընկերություն – 3.2 տոկոս, ՌոսԳոսՍտրախ – 2.5 տոկոս: ԱՊՊԱ տեսակի ապահովագրության համար ՍԻԼ Ինշուրանս ընկերությունը 2.5 մլն դրամով ավելի ցածր գին է առաջարկել, քան մյուս ընկերությունները:

Վերոնշյալ գնառաջարկների հետ միասին ներկայացվել են նաև ոչ պայմանական չհատուցվող գումարի չափի վերաբերյալ առաջարկներ, որոնցից նվազագույնը եղել է Սիլ Ինշուրանս ընկերության կողմից ներկայացվածը, այն է՝ 30.000 ՀՀ դրամի չափով»: