Հասարակություն

Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջև հանդիպումներին փոխադարձ այցերի վերաբերյալ պայմանավորվածություններ դեռ չկան

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ամփոփել է Անկարայում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքները: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»։ 

Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել Անիի կամուրջը: «Այսօր ես և Արարատ Միրզոյանն այցելել ենք Անկարա և հանդիպել ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարին: Այնտեղ ֆիքսվեց, որ համատեղ ջանքերով կվերականգնվի Անիի կամուրջը, որի մի մասը գտնվում է Հայաստանում, մյուս մասը Թուրքիայում»,- ասել է Ռուբինյանը:

Անդրադառնալով Մարգարայի կամրջի հարցին՝ Ռուբինյանն ընդգծել է, որ արդեն փորձով ապացուցվել է, որ այդ կամուրջը նորմալ վիճակում է՝ շեշտելով, որ Անկարայում հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուղղությամբ գործընթացն արագացնելու վերաբերյալ:

Հարցին՝ նախանշված ե՞ն, թե առաջիկայում ինչ հանդիպումներ են լինելու, Ռուբինյանը պատասխանել է. «Ոչ, այս պահին ոչ»: Իսկ հարցին՝ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների առաջիկա հանդիպումների հետ կապված փոխայցելություններ կլինե՞ն, թե՞ ոչ, Ռուբինյանն ասել է, որ այս պահին նման պայմանավորվածություններ չկան: