Հասարակություն

Առողջության համապարփակ ապահովագրության փաթեթի արժեքը լինելու է բոլորի համար նույնական

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել նախարար Անահիտ Ավանեսյանի այսօրվա ասուլիսից։ Նրա խոսքով՝ առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը պետք է սահուն լինի և ամենակարևորը` գործի հանրային շահին համապատասխան:

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը ներդրվելու է փուլային եղանակով. արդյո՞ք հնարավոր է ունենալ կայուն, գործող համակարգ. սահուն ձևով անցում կատարելու համար ապահովագրական համակարգը ներդրվելու է փուլային` աստիճանական տարբերակով:

2023 թվականին կիրականացվեն ակտուարական հաշվարկներ: Կձավորվի փաթեթի հստակ արժեք:

Փաթեթը լինելու է ընդգրկուն (սրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ, ընդհանուր նորագոյացություններ, դիաբետ, դեղապահովում և այլն):

Քիմիաթերապևտիկ դեղերը և քրոնիկ հիվանդների դեղերը, որոնք ևս ֆինանսապես բավական ծանր են մեր քաղաքացիների համար, ընդգրկվելու և հասանելի են լինելու առողջապահական այս փաթեթի շրջանակներում:

2024 թվականից պետական պատվերների շահառուների համար կսկսվի գործել ապահովագրական համակարգ. կունենանք միասնական, մեկ ապահովագրական փաթեթ պետության կողմից ապահովագրված շահառուների համար:

2025 թվականից պետության կողմից կապահովագրվեն կենսաթոշակառուները:

Կգործի նաև կամավոր ապահովագրական համակարգ, որը բաց կլինի բոլոր քաղաքացիների համար:

2026 թվականին կամփոփվի բոլոր կամավոր ապահովագրվողների խումբը և 2027 թվականից արդեն կգործի համապարփակ պարտադիր ապահովագրությունը բոլորի համար:

Չենք ունենալու եկամուտից կախված վճարային համակարգ, այսինքն` փաթեթի արժեքը լինելու է բոլորի համար նույնական, բայց պետության կողմից կատարվող սուբսիդավորման տոկոսները տարբեր են լինելու: