Հասարակություն

«Համերի» վարորդը Հանրապետության հրապարակում մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ․ Ոստիկանություն

«Համերի» վարորդը Հանրապետության հրապարակում մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ․ Ոստիկանություն

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Հանրապետության հրապարակում։ Ըստ համացանցում հրապարակված տեսանյութերի, «Համեր»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ոստիկանների ցուցումներին, մեքենան անկառավարելի է վարել։ Վարորդը փորձել է փախուստի դիմել, ինչին ի պատասխան՝ ոստիկանները զգուշացնող կրակ են բացել մեքենայի ուղղությամբ։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: 

Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ: Ճշտվել է վարորդի ինքնությունը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 

Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ պարեկները մի քանի ծառայողական ավտոմեքենաներով հետապնդել են «Համեր»-ին, որը երթևեկել է մայթերով, անգամ մայթով մտել է ՀՀ կառավարության գլխավոր մուտքի մոտ, որտեղ վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանին, ապա դարձյալ չենթարկվելով պարեկների «Կանգ առ» հրահանգին, մի քանի ավտոմեքենաներ ջարդելով՝ դիմել է փախուստի։

Ի վերջո պարեկներին հաջողվել է Ագաթանգեղոսի փողոցում օղակ անել և կանգնեցնել Hummer փախուստը։ Դրանից հետո «Համեր»-ի վարորդը դիմել է փախուստի։ «Համեր»-ի կողմից ջարդվել է պարեկային ծառայողական 3 և Արամի փողոցում կայանված քաղաքացիական 8 ավտոմեքենաներ։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական