Հասարակություն

Քաղաքացին, որ եվրոյով հիփոթեքային վարկ էր վերցրել, 9 % ավել փոխարժեքով պետք է վճարի. Պապոյան

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ներկայացրել է իր հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, համաձայն որի՝ առաջարկվում է հիփոթեքային վարկերը միայն դրամով տրամադրել։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին ֆինանսական և ոչ ֆինանսական շուկաներում աճել են անորոշությունները, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքի տատանողականությունն է մեծացել: Ըստ նրա՝ սա էական ռիսկեր է առաջացնում ոչ միայն պետության, այլև քաղաքացիների համար: Պապոյանը շեշտել է, որ խնդիրը հատկապես ցայտուն է բնակարանային հիփոթեքային վարկերի դեպքում. «20 տարվա կտրվածքով քաղաքացին, որի եկամուտները դրամային են եղել, շատ մեծ ռիսկերի է ենթարկվում»:

Նա մատնանշել է եվրոյի փոխարժեքը, որ բավական մեծ տատանում է  արձանագրել. «Այն քաղաքացին, որը եվրոյով հիփոթեքային վարկ էր վերցրել, այսօր 9 տոկոս ավել փոխարժեքով պետք է վճարի»,- ասել է պատգամավորը։

«Եթե ռեզիդենտները չունեն արտարժութային եկամուտներ, նրանք չեն կարող ու չպիտի ստանան արտարժութային վարկեր»,- նախագծի էությունն է ներկայացրել նա։